Իրանի հետ հարաբերությունները կարևոր են Հայաստանի կենսագործունեության և անվտանգության համար. ՀՀ արտգործնախարար

04.12.2007, 14:58
Իրանի հետ հարաբերությունները կարևոր են Հայաստանի կենսագործունեության և անվտանգության համար. ՀՀ արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրանի հետ հարաբերությունները կարևոր են Հայաստանի կենսագործունեության և անվտանգության համար։ Այս մասին ռուսական «Կոմերասանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարարՎարդան Օսկանյանը։

Ինչպես ընդգծել է նախարարը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր գործընկերների շահերի հետ համընկման կետեր որոնելու սկզբունքի վրա՝ միաժամանակ հասկանալով թե նրանց շահերը և թե անհանգստությունը։

«Իրանի հետ մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. նախ և առաջ՝ մենք հարևաններ ենք։ Մենք ունենք խորը պատմական կապեր, իսկ այսօր՝ նաև ընդհանուր տնտեսական շահեր։ Այս հարաբերությունները կարևոր են Հայաստանի կենսագործունեության և անվտանգության համար»,- ասել է Օսկանյանը։  

Նա նկատել է, որ վերջին տարիներին մեր երկրների միջև իրականացվել են ռազմավարական բնույթի մի շարք տնտեսական նախագծեր, որոնց թվում նախարարը հատկապես նշել է Իրան-Հայաստան գազատարի կառուցումը։

«Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ոչ մի երկիր չի կարող որևէ անհանգստություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների մակարդակի վերաբերյալ, քանի որ դրանք թափանցիկ են, բաց, զարգանում են միջազգային պարտավորությունների շրջանակներում և, ինչու ոչ, հաշվի ենք առնում նաև մեզ համար այնպիսի կարևոր երկրների շահերը, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵՄ-ը»,- ասել է Օսկանյանը։

Դրա հետ մեկտեղ, նախարարն ավելացրել է, որ չնայած դրան, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված դրությունը բարդ է և լարված, սակայն դա, նրա կարծիքով, բավարար չէ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու համար։

Հայաստանի և Իրանի միջև իրագործման փուլում են գտնվում մի շարք խոշոր էներգետիկական նախագծեր, որոնց թվում՝ սահմանամերձ Արաքս գետի ափին երկու ՀԷԿ-երի կառուցումը, Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ ԷՀԼ-ի կառուցումը՝ երկու էներգահամակարգերի գերբեռնվածությունը հարթելու նպատակով։

Իրան-Հայաստան գազատարի կառուցումը խոշորագույն նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն դոլար։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2008թ. վերջը, ինչը թույլ կտա մեծացնել Հայաստանի գազատրանսպորտային համակարգի թողունակության ծավալը և ապահովել իրանական գազի փոխադրումը մինչև Հայաստանի ջերմաէլեկտրակայաններ։ --0—