Հայաստանի մանկատների հիմնական խնդիրը երեխաների դաստիարակության մեթոդներն են
Հայաստանի մանկատների հիմնական խնդիրը սաների դաստիարակության մեթոդներն են, կարծում է Երևանի «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը։
Նրա խոսքերով, Հայաստանում խնդիրը բավականին սուր է այն պատճառով, որ Հայաստանի մանկատները չունեն այնպիսի միջոցներ և հնարավորություններ, ինչպես զարգացած երկրների մանկատները։
«Եթե զարգացած պետությունների մանկատներն ունեն իրենց արհեստանոցները, մարզադահլիճները և նույնիսկ ամբողջ գործարաններ, որոնք մատակարարում են մանկատունը բոլոր անհրաժեշտ պարագաներով, ապա մեր երկիրը նման հնարավորություններ չունի։ Երեխայի հետ աշխատանքը ներառում է իր մեջ սպորտը, խաղը, տարբեր արհեստներ սվորեցնելը», - ընդգծել է Մնացականյանը։
Այս առնչությամբ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը նշել է, որ այսօր Հայաստանի բոլոր մանկատներում իրականացվում են զարգացման ծրագրեր։
«Եթե ավելի վաղ մեր մանկատների հիմնական նպատակը գոյատևումն էր, ապա այսօր մշակվում և իրագործվում են զարգացման ծրագրեր ինչպես պետական մանկատներում, այնպես էլ բարեգործական մանկատներում», - ընդգծել է նա։
Բացի այդ, նա ավելացրել է, որ մինչև տարեվերջ ծրագրվում է ավարտել պետական մանկատների լիցենզավորումը, իսկ մինչ հաջորդ տարվա մարտ՝ բարեգործական մանկատների լիցենզավորումը։
«Այն մանկատները, որոնց պայմանները չեն համապատասխանի պետության պահանջներին, ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը», - ասել է Ղազարյանը։
«Զատիկ» մանկատունը հիմնադրվել է 1993 թ.-ին, մանկատունը աշխատում է 6-18 տարեկան երեխաների հետ։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, այժմ ութ պետական և հինգ բարեգործական մանկատներում ապրում է 1100 երեխա։-0-