2007թ. դեկտեմբերին Հայաստանում ցուցադրվելու է «Ոչինչ չի մնա» նոր գեղարվեստական ֆիլմը

26.10.2007, 19:32
2007թ. դեկտեմբերին Հայաստանում ցուցադրվելու է «Ոչինչ չի մնա» նոր գեղարվեստական ֆիլմը

2007թ. դեկտեմբերին Հայաստանում ցուցադրվելու է «Ոչինչ չի մնա» նոր գեղարվեստական ֆիլմը։

Ինչպես հայտնեց ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ֆիլմը նկարահանվել է անգլիացի դրամատուրգ Ջոն Օսբորնի «Բարկանալիս ետ նայիր» պիեսի  հարմարեցված տարբերակի հիման վրա։

Ջոն Օսբորնի «Բարկանալիս ետ նայիր» պիեսը պատմում է անգլիական հետպատերազմյան երիտասարդության մասին, որը հակամարտության մեջ է մտնում ավանդական հասարակական արժեքների հետ։

Նրա խոսքերով, ֆիլմում գլխավոր դերերը կատարում են դերասաններ Խորեն Լևոնյանը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի թոռը) և Նազենի Հովհաննիսյանը (հայտնի հաղորդավարուհի)։

«Սկզբում ֆիլմը ցուցադրվելու է երկրի կինոթատրոններում, իսկ հետո կթողարկվի ֆիլմի DVD տարբերակը»,-հայտնեց նա։

Ֆիլմի սցենարի հեղինակը Դավիթ Հարությունյանն է, իսկ ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի երգիչ և երգահան Հայկոն։—0—