Նախօրեին ոստիկանության հետ բախում ունեցած ընդդիմադիրների դեմ քրեական գործ է հարուցվել

24.10.2007, 16:36
Նախօրեին ոստիկանության հետ բախում ունեցած ընդդիմադիրների դեմ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ Երևանում իրավապահ մարմինների հետ բախում ունեցած մի շարք ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ քրեական գործ է հարուցվել՝ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար։ Այս մասին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը։  

Երկու ընդդիմադիր թերթերի ղեկավարները և մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ նախօրեին երեկոյան ձերբակալվել էին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ քաղաքացիներին հոկտեմբերի 26-ի հանրահավաքին մասնակցելու կոչեր անելու համար։ Սակայն արդեն չորեքշաբթի առավոտյան բոլոր ձերբակալվածները ազատ էին արձակվել։

Մահտեսյանը հայտարարեց, որ երեկվա պատահարի մասնակիցներն իրենց սանձարձակ են պահել ոստիկանների նկատմամբ և ոչ միայն չեն ենթարկվել՝ չարտոնված գործողությունները դադարեցնելու նրանց օրինական պահանջին, այլև դիմադրություն են ցույց տվել։

«Տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են չորս ոստիկաններ, որոնք դիմել են բուժօգնության»,- հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալը։

Մահտեսյանը տեղեկացրեց, որ ակցիայի որոշ մասնակիցներ գտնվել են ոչ սթափ վիճակում, ինչը հաստատվել է բժշկական փորձաքննությամբ։

Մահտեսյանն անընդունելի համարեց նաև այն, որ քաղաքական կուսակցությունների ղեկավարները և թերթերի խմբագիրներն իրենց իրավունք էին վերապահել հանցագործություն կատարել։ «Եթե մենք այսպես պետք է սկսենք քաղաքական պայքարը, ապա նման պայմաններում ոստիկանությունը, օրենքով տրված լիազորությունների սահմաններում, հետևելու և կասեցնելու է ցանկացած գործողություն, որը հանցակազմ կբովանդակի»,- ընդգծեց նա։

Իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թվում էին «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր, «Իմպիչմենտ» քաղաքական դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը և մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ։

Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Երևանի կենտրոնում թռուցիկներ բաժանելու ժամանակ։ Իրավապահ մարմինների և ընդդիմության ներկայացուցիչները ծեծկռտուք են սարքել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ծեծկռտուքի մոտ քսան մասնակիցներ։

Հոկտեմբերի 26-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը՝  2008թ. նախագահական ընտրություններին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանն աջակցելու նպատակով։ Հանրահավաքը արտոնված է  Երևանի քաղաքապետարանի կողմից։ --0—