Թուրքիան պետք է մտնի Եվրոմիություն՝ Հայաստանի հետ բոլոր հարցերը լուծելուց հետո. ՀՀ նախկին արտգործնախարար

23.10.2007, 14:16
Թուրքիան պետք է մտնի Եվրոմիություն՝ Հայաստանի հետ բոլոր հարցերը լուծելուց հետո. ՀՀ նախկին արտգործնախարար

Թուրքիան պետք է մտնի Եվրոմիություն՝ Հայաստանի հետ բոլոր հարցերը լուծելուց հետո։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության և կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Իհարկե, մեզ համար շահավետ է Եվրոպական հարևանի առկայությունը՝ ի դեմս Թուրքիայի, սակայն Թուրքիան ինքը պետք է որոշի իր ուղին։ Խոսքը ոչ միայն սահմանների բացման մասին է, այլև Ախթամար կղզի և այլ եկեղեցիներ քրիստոնեական արժեքների վերադարձի, ինչպես նաև «ցեղասպանություն» բառի  համար քրեական պատասխանատվության ենթարկելու դադարեցման մասին», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով, միայն պատմական ժառանգության և սահմանային խնդիրների լուծումից հետո կարելի է ռեալ խոսել համագործակցության հաստատման մասին։ Խմբակցության առաջնորդը նշեց, որ չնայած Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի պետական կոշտ քաղաքականությանը՝ թուրքական հասարակության մեջ տեղի են ունենում դրական փոփոխություններ։

«Երիտասարդների, իրավապաշտպանների շրջանում և գիտական աշխարհում տեղի է ունենում պետական քաղաքականության վերանայում, և նրանք հասկանում են, որ թուրքական ներկայիս գաղափարախոսությունը հիմնված է ցեղասպանության ժխտման վրա, և պետք է հասնել նրան, որ Թուրքիան ընդունի, որ հայերի բնօրրանը գտնվել է իրենց ներկայիս տարածքում և ընդունի իր նախնիների արարքները», - ասաց Հովհաննիսյանը։

Թուրքիայի տարածքում են գտնվում մի քանի հարյուր հայկական եկեղեցիներ և պատմամշակութային հուշարձաններ։ Նրանց թվում են Ախթամար կղզում գտնվող  միջնադարյան հայկական ճարտարապետության հայտնի հուշարձանը՝ Սուրբ Խաչ եկեղեցին։ 2007 թ. մարտի 30-ին տեղի  ունեցավ Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը, սակայն ոչ որպես քրիստոնեական հուշարձանի, այլ որպես թանգարանի։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: 1993թ.-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան, որպես հարաբերությունների հաստատման նախապայման, առաջ է քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ին իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:--0—