Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍՕ-ի ջանքերին՝ ուղղված մարդկության մշակութային ժառանգության պաշտպանությանը. Վ. Օսկանյան

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍՕ-ի ջանքերին՝ ուղղված մարդկության մշակութային ժառանգության պաշտպանությանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով Փարիզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր կոնֆերանսի 34-րդ նստաշրջանի ժամանակ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցեքարտն իր նվիրվածությունն է Համաշխարհային մշակութային ժառանգությանը, դրա գաղափարին ու բովանդակությանը: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այս կազմակերպության ջանքերին` մշակելու մարդկության մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված իրավական փաստաթղթեր», - «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերեցին Վ. Օսկանյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նրա խոսքերով, հայկական կողմը կարծում է, որ անհրաժեշտ է փնտրել ուղիներ՝ անցյալի արգելափակոցները կոտրելու համար՝ համոզված լինելով, որ մշակույթների ու երկրների միջև պետք է երկխոսություն լինի։
«Որպես ժողովուրդ` լինելով կայսրությունների միջև դարավոր միջնապատ աշխարհում ամենակոխկռտված ճանապարհին, հայերը կենդանի վկաներն են մշակույթների ներսում և նրանց միջև երկխոսության տված օգուտների: Մենք դարեր շարունակ ներգրավված ենք եղել այդ միջազգային փոխանակման մեջ և այսօր մենք Հայաստանում դրա ամենամեծ խրախուսողներն ենք, հատկապես` մեր տարածաշրջանում», - ընդգծել է Վ. Օսկանյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը համահեղինակն է «Մշակույթներին միավորելուն նվիրված միջազգային տարի հայտարարելու մասին» բանաձևի նախագծին, և հույս է հայտնել, որ այն կընդունվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի այս նստաշրջանի ժամանակ:
Նախարարը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շեշտադրումը՝ «Ցուցադրելով մշակույթների միջև փոխանակման ու երկխոսության կարևորությունը սոցիալական ընդհանրության ու հաշտեցման համար` խաղաղության մշակույթի ձևավորման նպատակով» և «Մշակութային ժառանգությունը կայուն կերպով պաշտպանելու և բարելավելու» ուղղությունների վրա։
«Բայց սա սին կհնչի, եթե դա անենք միայն այն ժամանակ, երբ դա հեշտ է անել: Երբ հեշտ է, մշակութային ժառանգությունը պաշտպանված է և փոխանակումներն ու երկխոսությունն իրենք իրենց էլ են կայանում», - ասել է Վ. Օսկանյանը։
Նրա խոսքերով, երբ երկխոսությունը դժվար է, անցանկալի կամ անհույս, ահա այստեղ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, նրա մեխանիզմների, հեղինակության, կարողության և պատրաստակամության կարիքը կա։-0-