Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի դիմանա տարածաշրջանում ռազմական մրցակցությանը

18.10.2007, 16:23
Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի դիմանա տարածաշրջանում ռազմական մրցակցությանը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի դիմանա տարածաշրջանում  ռազմական մրցակցությանը, հինգշաբթի լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺԿ առաջնորդ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանում և Վրաստանում ակտիվ քաղաքականություն է տարվում՝ ռազմական հզորությունն ամրապնդելու ուղղությամբ, կտրուկ աճում է ռազմական ծախսերի ծավալը, ինչը Հայաստանի կողմից պատասխան քայլեր է պահանջում։

«Այս տարի Վրաստանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական ծախսերը։ Ադրբեջանը նույնպես ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Դրա համար էլ մեր ծախսերը 12-13%-ով ավելացնելը չի կարող բավարար լինել՝ արժանի մրցակցության համար»,- ասաց Շ. Քոչարյանը։

Նա ընգծեց, որ ռազմական հզորության բարձր մակարդակի ապահովումն այսօր չափազանց մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լուծել երկրի ներքին քաղաքական մի շարք հարցեր։

Հայաստանի 2008թ. պետական բյուջեի նախագծով Հայաստանի պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 400 մլն. դոլար։

Ընդ որում, Ադրբեջանի ռազմական ծախսերը 2008թ.-ին 275 մլն. դոլարով կգերազանցեն  2007թ. ցուցանիշը՝ հասնելով մինչև 1,3 մլրդ. դոլարի։ Վրաստանի բյուջեից պաշտպանության ոլորտի ֆինանսավորմանը 2007թ.-ին նախատեսված էր 310 մլն. դոլար, սակայն խորհրդարանի կողմից Վրաստանի Բյուջեի մասին օրենքում փոփոխություն մտցնելուց հետո Պաշտպանության նախարարությանը լրացուցիչ հատկացվեց ևս 265 մլն. դոլար։ --0—