ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի մասնաճյուղի 15-ամյակի արարողությանը

08.10.2007, 20:07
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի մասնաճյուղի 15-ամյակի արարողությանը

Հոկտեմբերի 6-ին Նյու-Յորքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի մասնաճյուղի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, նախարար Օսկանյանը, ով «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է և Գյուղական զարգացման ծրագրի համակարգողը, խոսեց Հայաստանի տնտեսական մարտահրավերների ու գյուղական համայնքների տնտեսական և ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ծրագրի հեռանկարի վերաբերյալ:  

ԱԳՆ-ից հայտնեցին, որ Նյու-Յորքից արտգործնախարար Օսկանյանը մեկնել է Բրյուսել` հոկտեմբերի 9-12-ը պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցելու ՀՀ նախագահի Բելգիա կատարելիք պաշտոնական այցին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 165 միլիոն դոլարի ծրագրեր։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն։-0-