Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է քննարկվի ՄԱԿ-ում. ՀՀ ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է քննարկվի ՄԱԿ-ում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62-րդ նստաշրջանում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներառված է գլխավոր ասամբելայի օրակարգում ձգձգված հակամարտությունների թեմայի ներքո։ Բայց որևէ բանաձև, որ մի զամբյուղի մեջ է դնում բոլոր հակամարտություններն, արդեն իսկ ի սկզբանե թերի է», - ասել է Վ. Օսկանյանը։
Նրա խոսքերով, այս հակամարտություններից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատյությունները, իսկ ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա «այն չպետք է քննարկվի ՄԱԿ-ում, քանի որ բանակցվում է ԵԱՀԿ-ում»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ։ Մենք շարունակում ենք բանակցել և սանտիմետր-առ սանտիմետր մոտենում ենք լուծմանը», - ասել է Օսկանյանը իր խոսքում, որի տեքստը հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրվել ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նրա խոսքերով, բանակցությունների սեղանին բավականին մշակված փաստաթուղթ կա, որը «ոչ թե երազային մտածողության վրա է հիմնված, այլ հիմնարար խնդիրների և նրանց հետևանքների վրա»։
«Գործընթացի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որոշելու իրենց ապագան։ Լեռնային Ղարաբաղի Ժողովուրդը չի ուզում ոչինչ, որն իրեն չի պատկանում։ Նրանք ուզում են խաղաղ, ապահով ապրելու և սեփական ապագան որոշելու իրավունք։ Նրանք ուզում են օգտագործել այն իրավունքը, որ այստեղ ներկայացված յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության այս կամ այն հանգրվանում օգտագործել է», - ընդգծել է նախարարը։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62-րդ նստաշրջանի քննարկմանն է ներկայացված ՎՈՒԱՄ կազմակերպության «սառեցված հակամարտությունների» լուծմանն առնչվող նախաձեռնությունը։-0-