Հայաստանում նախագահական պարգևներ են հանձնվել կրթության և գիտության ոլորտի գործիչներին

28.09.2007, 14:33
Հայաստանում նախագահական պարգևներ են հանձնվել կրթության և գիտության ոլորտի գործիչներին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում նախագահական պարգևներ են հանձնվել կրթության և գիտության ոլորտի գործիչներին։

«Պետական բարձր պարգևների են արժանացել Հայաստանի գիտական հիմնական կենտրոնների՝ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակիցները», - պարգևտրման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նա ընդգծեց նաև, որ արժանի գնահատանքի են արժանացել Հայաստանի գիտական կարևորագույն ուղղությունների՝ բնագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հայագիտության ներկայացուցիչները։

«Սա խորհրդանշական է, քանի որ մենք մեր ապագան տեսնում ենք գիտակրթական բնագավառում բնագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հայագիտության ոլորտների զարգացման մեջ»,-նշեց նախարարն՝ ավելացնելով, որ   պետք է մեր գիտական ապագայի տեսլականի հիմքում դրվեն ազգային հիմքի վրա ամուր կանգնած առաջընթած ապրող գիտությունների կրողները։

Մկրտչյանն ավելացրեց, որ սույն նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է որոշակի խնդիրներ դնել ոչ միայն երկրի գիտական և կրթական հաստատությունների, այլև պետության ողջ կրթական համակարգի առջև։ 

Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով կրթության և գիտության զարգացման գործում ներդրման համար «Մովսես Խորենացու» մեդալ է շնորհվել ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանին, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին։

Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել «Synopsys Armenia» ՓԲԸ կրթության բաժնի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վազգեն Մելիքյանին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտի ղեկավար, ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանին:-0-