2006-2007թթ. Ինտերպոլը Հայաստանում հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 43 հանցագործների

26.09.2007, 18:15
2006-2007թթ. Ինտերպոլը Հայաստանում հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 43 հանցագործների

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2006-2007թթ. Ինտերպոլը Հայաստանում հայտնաբերել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 43 հանցագործների։ Այս տվյալները չորեքշաբթի հրապարակեց Հայաստանում Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը։

«2006թ. Ինտերպոլի երկրների հարցումների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հայաստանում հայտնաբերվել են 27 հանցագործներ, որոնցից ութը ձերբակալվել են, իսկ երկուսը՝ հանձնվել»,- տեղեկացրեց նա։

Եղիազարյանը տեղեկացրեց, որ 2007թ. Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 16 հանցագործ, որոնցից հինգը ձերբակալված են, իսկ երկուսը՝ հանձնված։

Բացի այդ, ինչպես ավելացրեց Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի պետը, 2006թ. Հայաստանում հայտնաբերվել են անհետ կորած հինգ քաղաքացիներ՝ միջազգային մակարդակով 33 հետախուզվողների թվից, ինչպես նաև պարզվել է երկու դիակների ինքնությունը։

Ինտերպոլ քրեական ոստիկանության միջազգային կառույցը ստեղծվել է 1923-ին։

Կազմակերպությանն անդամակցում են 186 պետություններ։ Նստավայրը գտնվում է ֆրանսիական Լիոնում։--0—