Հայաստանում սեպտեմբերի 16-ին կնշվի Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրը

13.09.2007, 16:56
Հայաստանում սեպտեմբերի 16-ին կնշվի Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրը
Հայաստանում սեպտեմբերի 16-ին կնշվի Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրը

Հայաստանում սեպտեմբերի 16-ին կնշվի Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրը։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, օզոնային շերտի պաշտպանության հարցը լուրջ բնապահպանական խնդիր է, որի վրա ուշադրություն է դարձնում միջազգային հանրությունը։

«Տվյալ խնդիրը սահմաններ չունի, և Հայաստանը անմասն չի մնում օզոնային շերտի պահպանության միջազգային նախաձեռնություններից ու փորձում է կրճատել օզոնային շերտը քայքայող նյութերի արտանետումների ծավալները»,-ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Հայաստանը վավերացրել է 1985թ. Օզոնային շերտի պահպանության Վիեննայի կոնվենցիան և 1987թ. Օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ Մոնրեալի արձանագրությունը։

Բացի այդ նախարարը նշեց, որ 2001թ.-ին Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետները հայ մասնագետների հետ համատեղ մշակել են «Օզոնը քայքայող նյութերի փոխարինման և սառեցնող տեխնիկայի կառավարման» ծրագիրը, որն իրագործվում է 2005թ.-ից և որի շրջանակներում Հայաստանի մի քանի ձեռնարկություններում փոխարինվել և արդիականացվել են սարքավորումները։

Հարությունյանը նշեց նաև, որ 1993թ.-ից սկսած Հայաստանում պարբերաբար իրականացվում են մթնոլորտում օզոնի չափումներ, ինչը երկրին թույլ է տվել միանալ օզոնային շերտի մոնիտորինգի միջազգային ցանցին, որը տեղակայված է Տորոնտոյում (Կանադա)։

«Բայց պետք է նշել, որ օզոնային շերտի պահպանությունը լուրջ տևական գործընթաց է, որի մասին պետք է տեղեկացված լինեն մոլորակի բոլոր բնակիչները, քանի որ պահպանելով օզոնային շերտը՝ մենք պահպանում ենք կյանքը մոլորակի վրա»,-ասաց նախարարը։

Հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Օզոնային շերտի պաշտպանության միջազգային օր։ Այս կապակցությամբ Հայաստանում պատրաստվել են հատուկ նյութեր, որոնք կոչված են բարձրացնելու բնակչության տեղեկացվածությունը օզոնային շերտի խնդիրների վերաբերյալ. դրանց թվում են՝ «Պահպանենք օզոնային շերտը» պլակատը, ինչպես նաև «20 հարց և 20 պատասխան օզոնային շերտի մասին» և «Պահպանեք օզոնային շերտը. նկարում են երեխաները» գրքերը։--0--