Ավարացիները մտադիր են Ադրբեջանի կազմում ինքնավարության հասնել

03.09.2007, 19:06
Ավարացիները մտադիր են Ադրբեջանի կազմում ինքնավարության հասնել

Ավարացիները մտադիր են պայքարել Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու համար, երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, Դաղստանի պետական համալսարանի պրոֆեսոր Թիմուր Այթբերովը, Հայաստանում անցկացվող միջազգային ««Աղվանքի պետականությունը և էթնոմշակութային ժառանգությունը» միջազգային գիտական համաժողովում։

Նրա խոսքերով, Աղվանքի խնդիրն ունի զուտ գիտական և քաղաքական կողմեր։

«Մեր ժամանակներում ակնհայտ է դարձել, որ ինչպես Արշակունիների դարաշրջանում գոյություն ունեցած  Աղվանքի կամ առաջին աղվանական թագավորության, այնպես էլ երկրորդ թագավորության տարածքում, որը ստեղծվել էր Հայաստանից ներգաղթողների օգնությամբ արդեն Արաբական խալիֆության ավերակների վրա, այժմ  գտնվում է ադրբեջանական պետությունը, որտեղ տեղի բնիկ դաղստանյան ազգությունների ոչնչացման ծրագիր է իրականացվում»,-ասաց Այթբերովը։

Նա ընգծեց, որ դաղստանյան ազգությունները, հատկապես ավարացիները, երբեք չեն մտել որևէ ադրբեջանական պետական միավորումների  մեջ, ավելին՝ Անդրկովկասի ավարական պետություններն ավելի ուժեղ էին ռազմական տեսակետից։

Բայց, ինչպես նշեց պատմաբանը, խորհրդային շրջանի իրադարձությունների ազդեցությամբ և գաղտնի թուրքական քաղաքականության արդյունքում առաջին և երկրորդ Աղվանական թագավորության տարածքը հայտնվեց Ադրբեջանի կազմում։

«Հենց առաջին օրվանից Ադրբեջանի իշխանությունները սկսեցին իրականացնել դաղստանյան ազգությունների ցեղասպանության քաղաքականություն, սկզբնական շրջանում այդ նպատակով օգտագործելով Խորհրդային բանակը»,-ասաց Այթբերովը։

Նրա խոսքերով, ճնշումներն ունեցել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ գաղափարական ազդեցության բնույթ, մասնավորապես, 19-րդ դարավերջին Զակատալյան մարզում ավարները կազմել են  բնակչության կեսը կամ շուրջ 40 հազ. մարդ, իսկ արդեն 1914-ին նրանց քանակը կազմել է 52 հազար։

Այթբերովը նշեց, որ 1926-ին անցկացված մարդահամարի արդյունքներում պարզվել է, որ ավարացիների քանակը կրճատվել է մինչև 15 հազար, և «դա դեռ այն պայմաններում, որ Դաղստանի լեռնային շրջաններից բնակչության ներհոսքը բավականին բարձր է եղել»։

«Մենք մեզ սահմանափակված ենք զգում ինչպես լեզվական, այնպես էլ մշակութային տեսակետներից, ինչպես նաև ավարական ժողովրդի հանդեպ տարվող ազգային կադրային քաղաքականության պատճառով։ Մենք վստահ ենք, որ գոնե մեր ազգային շրջաններում առանց ինքնավարության և ազգային լեզվի, ոչ մի արդար լուծում չի լինի»,-նշեց Այթբերովը։

Նա ընդծեց, որ ավարական ժողովուրդը մտադիր է պաշտպանել իր իրավունքները բոլոր օրինական և աշխարհում ճանաչված միջոցներով, մասնավորապես, օգտագործելով դրա համար կելտական ազգերի փորձը։ --0—