Ստեփանակերտում բացվել է ԼՂՀ Ազգային Ժողովի նոր շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կիրակի Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային Ժողովի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 16-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։
Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարեց ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նոր շենքի բացումը վկայում է, որ հանրապետության իշխանություններն ուշադիր են երկրի օրենսդրական մարմնի նկատմամբ, ինչպես նաև կարևորում են հանրապետության կենսագործունեության մեջ խորհրդարանի ունեցած կարևոր դերը։
«Խորհրդարանի նոր շենքում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ արդյունավետ և արգասաբեր օրենսդրական գործունեության համար։ Շենքն ապահովված է համակարգչային տեխնիկայով և կապի ժամանակակից միջոցներով, ինչպես նաև հագեցած է նորագույն տեխնիկական սարքավորումներով։ Տեղադրված է քվեարկության ցուցատախտակ, մեր առաջիկա ծրագրերում նախատեսում ենք ԼՂՀ խոհրդարանի պաշտոնական կայքի բացումը, ինչպես նաև գիտական գրադարանի և արխիվների ստեղծումը, որոնցից կարող են օգտվել Ղարաբաղի հասարակական-քաղաքական կառույցների և հանրապետության գիտա-կրթական հաստատությունների ներկայացուցիչները»,- նշել է Ղուլյանը։
Իր կողմից ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որը մասնակցում էր ԼՂՀ անկախության հռչակման 16-ամյակի տոնակատարություններին, հայտարարել է, որ ԼՂՀ խորհրդարանի նոր շենքի շահագործման հանձնումը «հրաշալի» երևույթ է և ԼՂՀ կայացման հերթական կարևոր ապացույցը։
«Դա ոչ միայն մեր ղարաբաղցի գործընկերների աշխատանքի հարմար պայմաններ է, այլև իսկապես կարևոր փուլ՝ ԼՂՀ կայացման ճանապարհին։ Կասկած չկա, որ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղը կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն իր ամենօրյա գործունեությամբ և ձեռք բերած հաջողություններով ապացուցեց, որ իրավունք ունի ապրել իր հայրենի հողի վրա»,- նշել է Տ. Թորոսյանը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը նաև հայտարարել է, որ ՀՀ ազգային ժողովը աջակցել և այսուհետ նույնպես աջակցելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանին։
ԼՂՀ խորհրդարանի նոր շենքը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեսպիկոպոս Պարգև Մարտիրոսյանը։
Լեռնային Ղարաբաղում անցյալ կիրակի նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 16-ամյակը։ Այդ տոնական օրը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության շրջաններում տեղի են ունեցել տարբեր մշակութային և մարզական միջոցառումներ։
1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։
Ի պատասխան այս ամենի՝ ադրբեջանական կողմը առաջին անգամ Ստեփանակերտը գնդակոծման ենթարկեց «Ալազան» հրթիռային համակարգից, ինչը հետագայում սիստեմատիկ բնույթ ստացավ։-0-