Ստեփանակերտում տեղի է ունեցել պատերազմի հաշմանդամների ժողովրդական ստեղծագործության մրցույթ-փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում տեղի է ունեցել ղարաբաղյան պատերազմի մարտիկ-հաշմանդամների ժողովրդական ստեղծագործության հանրապետական մրցույթ-փառատոն, Ստեփանակերտից հայտնում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը։
Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են մարտիկ-հաշմանդամների համար։
«Այս մրցույթ-փառատոնը, որն արդեն ավանդական է դարձել, օգնում է հաշմանդամներին՝ ինտեգրվել հասարակության մեջ, երևան հանել նրանց ունակություններն ու հմտությունները»,- նշեց Հակոբյանը, վստահեցնելով, որ նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն նաև ապագայում։
Մրցույթի շրջանակներում բացվեց ղարաբաղյան պատերազմի մարտիկ-հաշմանդամների ավելի քան 30 աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, ինչպես նաև մասնակիցները պարգևատրվեցին արժեքավոր նվերներով և դրամական մրցանակներով։
Ղարաբաղյան պատերազմի մարտիկ-հաշմանդամների ժողովրդական ստեղծագործության հանրապետական մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն էին ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի, պաշտպանության և սոցիալական ապահովության նախարարությունները, իսկ հովանավորներն էին ԼՂՀ առողջապահության և արտաքին գործերի նախարարությունները, Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանը։ --0—