Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել ռազմական հոգեբանների ինստիտուտը. փորձագետ

01.08.2007, 16:24
Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել ռազմական հոգեբանների ինստիտուտը. փորձագետ

Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել ռազմական հոգեբանների ինստիտուտը։ Այս կարծիքը չորեքշաբթի հայտնեց հոգեբան Դավիթ Ջամալյանը` «Բանակը և հասարակությունը» թեմայով քննարկման ժամանակ՝ ներկայացնելով զինակոչված անձանց սոցիալական ադապտացիայի հետազոտության տվյալները։

Նրա խոսքերով, հայկական բանակում աշխատող հոգեբանների քանակը բավարար չէ, և անհրաժեշտ է ռազմական բուհերում պատրաստել համապատասխան մասնագետներ։

«Զինակոչիկները, որոնք բանակ են գնում, հաճախ հոգեբանորեն պատրաստ չեն լինում ծառայությանը։ Դրա հետևանքով նրանց մոտ առաջանում է դեպրեսիա, ինչը հանգեցնում է տարբեր դժբախտ դեպքերի»,- ասաց Ջամալյանը։

Նա նշեց, որ երիտասարդներին ծառայությանը հոգեբանորեն նախապատրաստելու կարևոր բաղկացուցիչներից մեկը պետք է դառնա դպրոցական շրջանը։

«Հիմա դպրոցներում տարվում են նման աշխատանքներ, բայց ես կարծում եմ, որ ընտանեկան պատրաստությունն ավելի կարևոր է։ Յուրաքանչյուր երիտասարդ դեռ մանկությունից պետք է քաջ գիտակցի, որ զինծառայությունն անխուսափելի է»,- նշեց հոգեբանը։

Նրա խոսքերով, պետք է արմատախիլ անել հասարակության մեջ տարածված այն կարծիքը, որ զինծառայությունից խուսափելը հարգի է։

 «Չի կարելի թույլ տալ, որպեսզի հասարակության մեջ արմատավորվի այն կարծիքը, որ բանակը աղքատների տեղն է։ Մեր բանակի բոլոր թերություններով հանդերձ, հենց բանակում է տղամարդը ձևավորվում որպես անհատականություն»,- ասաց Ջամալյանը։ –0-