Փաշինյանը Թրյուդոյին շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար

16.10.2020, 21:04
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Փաշինյանը Թրյուդոյին շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ: Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա:

Загружается новость ... "Право"
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:

«Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-