Օգտատերերը վրդովված են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության փաստից

Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելը) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:
Այս տեղեկատվությանն ի պատասխան` սոցցանցերի օգտատերերը նշել են, որ խոսքն Արսեն Բաբայանի մասին է և հայտնել են իրենց վրդովվմունքը։
«Ձերբակալել Արսեն Բաբայանին, չէ լուրջ խնդալու չի արդեն» ,– Facebook–յան իր էջում գրել է քաղաքագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։
«Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ազդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով։ Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են։ Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը։ Սա էլ չի օգնի ձեզ։ Հրայրը իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք», – նշել է Աշոտյանը Facebook-յան էջում։
Իրավաբան, սահմանադրական իրավունքի փորձագետ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համանախագահ Գոհար Մելքոնյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երեվանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի, ինչը չի կարող հայտնի չլինել ՀՀ իրավապահ մարմիններին։
«Հետևաբար՝ այս պահին Արսեն Բաբայանը ապօրինի զրկված է ազատությունից։ Ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է և հետապնդում է ոչ իրավաչափ նպատակներ։ Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը», – գրել է նա Facebook–յան իր էջում։–0–