Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին` առաջարկելով կարգավորել հարաբերությունները

15.01.2021, 23:13
Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին` առաջարկելով կարգավորել հարաբերությունները
Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին` առաջարկելով կարգավորել հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանին, որում ցանկություն է հայտնել կարգավորել հարաբերություններն Անկարայի և Փարիզի միջև։ Թուրքիայի ԱԳՆ–ից հայտարարել են, որ նամակը «բավականին լավ բովանդակություն ունի», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։

«Երկու օր առաջ մենք ստացել ենք շատ լավ և դրական նամակ Մակրոնից, որում նա ցանկություն է հայտնել զարգացնել հարաբերությունները, հանդիպել մեր նախագահի հետ։ Նա անգամ ձեռագիր ողջույնի խոսք է գրել թուրքերեն` «սիրելի Թայիպ»», – մեջբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի խոսքերը Sabah թերթը։

Նրա խոսքով, Թուրքիայի նախագահը դրական է արձագանքել Մակրոնի նամակին։ 

«Մեր նախագահն ասել է` «Հաճույքով կհանդիպենք»», – ավելացրել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Փարիզի մերձակայքում պատմության ուսուցչի գլխատումից հետո էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ աշխարհում բարգավաճում է իսլամիստական ծայրահեղականությունը, որը պետք է բոյկոտել։ Աշխարհի բազմաթիվ առաջնորդներ սուր էին ընկալել Ֆրանսիայի նախագահի խոսքերը։ Էրդողանը Մակրոնին ուղղված իր խոսքում ասել էր, որ Ֆրանսիայի նախագահը «հոգեկան խանգարումներ և բուժման կարիք ունի»։–0–