Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանքներ. ՔՊ-ական պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա այս հարցի վերաբերյալ, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո, և այդ վարույթը պիտի քննարկվի, և քննարկման արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցենք նաև ձեզ:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրերին:
«Կա հարուցված կարգապահական վարույթ, որը, կունենա, բնականաբար, հետևանքներ», – ասաց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողի այն հարցին, թե չի բացառվում, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը վայր դնեն իրենց մանդատը։
«Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանոթանաք»,- ասաց նա: