ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից․ Փաշինյանը՝ ԵԽ նախագահին
13.01.2025,
16:10
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաեւ գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:
Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով: