Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել

19.09.2021, 16:30
Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն։

Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։

«Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք», - ասել է Էդողանը Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր մասնակցելու է ՄԱԿ-ի հերթական վեհաժողովին։

«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձում է ստանալ Փաշինյանի մամուլի քարտուղարի մեկնաբանությունը։-0-