Էրդողան. Թուրքիան իրավունք ունի ռազմական օպերացիա անցկացնել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի անցկացնել «Խաղաղության ակունք» անդրսահմանային օպերացիան հարևան Սիրիայում 1998թ.–ն Ադանայում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը, ապա այն չի պատկանում ԱՄՆ–ին։ Դա միջազգային տարածք է, դա սիրիական օդային տարածք է։ Եվ քանի որ այն չի պատկանում ԱՄՆ–ին, ապա դրա օգտագործման հարցը ևս լուծվում է ռեժիմի կողմից (Սիրիայի նախագահի` Բաշար Ասադի)։ Նրանք (ԱՄՆ–ն) ռեժիմի հրավերով չեն գտնվում այնտեղ (Սիրիայում)։ Իսկ մենք այնտեղ գտնվում ենք Ադանայում (Անկարայի և Դամասկոսի միջև ստորագրված) համաձայնագրի շրջանակում։ Ըստ այդ պայմանագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, ապա մեր զինվորականներն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին (Սիրիայի տարածքում)», – նշել է Էրդողանը Yeni Safak թերթին տված հարցազրույցում։
Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները չափազանց լարված էին 1980–1990թթ–ին, քանի որ Անկարան մեղադրում էր Դամասկոսին Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար։ 1998թ.–ի հոկտեմբերին երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ սկսվեց, և Թուրքիան 45 օր ժամկետ տվեց Սիրիային, որի ընթացքում երկիրը պետք է ամբողջովին հրաժարվեր Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելուց։ Նույն թվականին Սիրիայի իշխանությունները երկրից վտարեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին, ինչից հետո պետությունների միջև հարաբերությունները սկսեցին կարգավորվել։ 1998թ.–ի հոկտեմբերի 20–ին ԱԳՆ–ի և ՆԳՆ–ի ղեկավարների ներկայացուցիչների բանակցություններն ավարտվեցին Ադանայում համատեղ արձանագրության և անվտանգության հարցերով համաձայնագրի ստորագրմամբ։
Էրդողանը նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ով նշել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է «կործանել թուրքական տնտեսությունը», եթե Անկարան սկսի ոչնչացնել քրդերին Սիրիայի հյուսիսում։
«Ես այս խոսքերը դիտարկում եմ որպես հայտարարություններ, որոնք արվում են` որոշակի շրջանակներում լարվածությունը կանխելու համար։ Հիմա այն փաստը, որ այնտեղից (սիրիական տարածքից, որտեղ Թուրքիան իրականացնում է օպերացիան) դուրս է բերվում զորքը, ցուցադրում է ԱՄՆ–ի իրական մտադրությունները։ Նրանք մեզ հայտարարել են, որ Թուրքիային դեմ չեն գնա», – ընդգծել է նախագահը։
Սիրիայում Թուրքիայի նոր օպերացիայի մեկնարկից մեկ օր առաջ Թրամփը հայտարարեց, որ նախատեսում է Էրդողանի հետ բանակցություններ վարել նոյեմբերի 13–ին Վաշինգտոնում։ Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը երկու անգամ հայտարարել է, որ Վաշինգտոնը «կկործանի Թուրքիայի տնտեսությունը», եթե երկիրը «անցնի սահմանները» կամ «սկսի ոչնչացնել քրդերին Սիրիայի հյուսիսում»։
Էրդողանը դեռևս հույս ունի բանակցություններ անցկացնել ԱՄՆ նախագահի հետ նոյեմբերի 13–ին Վաշինգտոնում, չնայած Թրամփի վերջին հայտարարություններին։
«Մենք Թրամփի հետ պահպանում ենք երկկողմ կապն ու շարունակում ենք այդպես անել։ Ձգտում ենք ամրապնդել թուրք–ամերիկյան հարաբերությունները», – նշել է Էրդողանը։
«Ալլահի կամքով մենք նոյեմբերի 13–ին կլինենք Վաշինգտոնում, զրուցելու հնարավորություն կունենանք», – ասել է Թուրքիայի նախագահը։–0–