ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նոր հանդիպման օրը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում: Այս մասին ասվում է համանախագահների համատեղ հայտարարությունում:
«Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն համապարփակ կարգավորման հիմնական էական տարրերի քննարկման նախաձեռնումը: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին ՝ քննարկելու, ձեռք բերելու պայմանավորվածություն և սկսելու համաձայնեցված ժամկետներում իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:-0-