ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 2015թ.–ին թուրք–սիրիական սահմանին ռուսական ՍՈւ–24 կործանիչի ոչնչացումը, երբ թուրքական F-16–ի խոցել էր ՍՈւ–24–ին, տեղի է ունեցել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Աբիդին Յունալի մեղքով, հաղորդում է Nordic Monitor պորտալը` հղում անելով դատական հարցաքննության տվյալներին։ Այս մասին գրում է
«Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Ցուցմունք է տվել շտաբ–գնդապետ Ալի Դուրմուշը։ Նրա խոսքով, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական ստորաբաժանման հրամանատարությունն իմացել է սահմանի մոտ ռուսական ավիացիայի հայտնվելու մասին, միանգամից հարցում է ուղարկել Յունալին։
Ընդ որում Անկարան շարունակում է ժխտել հրամանատարության կապը ողբերգության հետ։
«Երբ նրան զանգեցին և հայտնեցին երկու ռուսական ինքնաթիռների մասին, որոնք սավառնում են մեր սահմանի մոտ, նա հրամայեց խոցել ինքնաթիռները, եթե դրանք հատեն Թուրքիայի օդային տարածքը և կախեց խոսափողը», – պատմել է Դուրմուշը։
Դրանից հետո ռուսական ինքնաթիռը խոցվել է։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարությունը համառորեն ժխտում էր այն փաստը, որ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պատասխանատու է խոցված Սու–24–ի և դրա անձնակազմի մահվան համար։
Բարձրաստիճան թուրք ներկայացուցիչների խոսքերով, ինքնաթիռը խոցելու որոշումն անմիջապես ընդունել է հարված հասցրած F-16–ի օդաչուն։
Հարվածից հետո անձնակազմի հրամանատար Օլեգ Պեշկովը կատապուլտի օգնությամբ դուրս էր եկել և վայրէջք էր կատարել պարաշյուտով, բայց սպանվել էր «Գորշ գայլերին» հարող (թուրք արմատական ազգայնականներ) թրքամետ խմբավորումների անդամների կողմից։ Շտուրման Կոնստանտին Մուրախտինը փրկվել էր և որոնողափրկարարական օպերացիայի ժամանակ տարհանվել էր «Հմեյմիմ» բազա։–0–