Զոհրաբ Մնացականյանը ու ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են համագործակցության խորացումը ռազմական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է նախօրեին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը։
Հայաստանն ավելի վաղ առաջարկել էր ՀԱՊԿ գործընկեր երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ «Մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը որոշեց ազատ արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։ Միաժամանակ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա ամրապնդումը և հանձնառու է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունն այդ նպատակով։
Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկկողմ ամուր իրավապայմանագրային դաշտի առկայությունը։
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում անելով պետական կառույցների աղբյուրներին, գրել էր, որ Երևանի կողմից Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը Մոսկվայում առաջացրել է «հատուկ դժգոհություն»։ Թերթի աղբյուրները նշել են, որ Հայաստանից նոր թեկնածուն ավտոմատ կերպով հավանության չի արժանանա։ Եթե ՀՀ–ի թեկնածուն հավանության չարժանանա մյուս երկրների կողմից, ապա իր թեկնածուին կառաջադրի Բելառուսը։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության փորձը և զինված ուժերի համադրելիության բարձր մակարդակը։ Նախարար Մնացականյանը նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական և կարևոր օրինակներից մեկն է։–0–