Ուզում եմ ափսոսանք հայտնել. Քյարամյանը՝ ԱԺ-ում Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ինձ հարցաքննության չեն կանչել, ինչպես նշեցի՝ գոյություն ունի նախաձեռնված քրեական վարույթ գործընկեր նախաքննական մարմնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում իր և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Ինչ ասել եմ՝ փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում առկա գործ»,- ասաց Քյարամյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի որդու մասին իր խոսքերին։
Հարցին՝ ինչո՞ւ բարձրաձայնեց այդ մասին, Քյարամյանն ասաց․
«Ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել։ Ես դա չեմ համարել հանցագործություն: Ոչ միայն հանցագործություններն են բացահայտվում, այլև երևույթները»։
Քյարամյանը նշեց, որ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը եղել է բոլորի աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չի տեսնում։
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերվում», ասաց Քյարամյանը։
Հարցին, թե արդյոք այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն եղել է, ՔԿ նախագահը բացասական պատաոսխան տվեց։
Անդրադառնալով հանրության արձագանքից, Քյարամյանը նշեց.
«Հանրությունը եթե ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից։ Դա իմ համար բավականին հաճելի իրավիճակ է»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև թեժ բանավեճ էր տեղի ունեցել։