ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ աղբյուրի, ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարեցվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որ եղավ Էդվարդ Սնոուդենի դեպքում. լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ մեղադրվելով՝ 2013 թվականից նա ստացավ ՌԴ ժամանակավոր ապաստան, ավելի ուշ՝ երեք տարվա բնակության թույլտվություն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ապրիլի 22-ին նա հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին 40 օրով կալանավորվել է:-0-