Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի բաղադրիչներին
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում։
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին։ Ընդգծվել է այն հանգամանքը, որ համատեղ ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ համագործակցությունը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակ՝ մարդկանց միջև շփումներից, ժողովրդավարական բարեփոխումներից մինչև անվտանգային հարցերով երկխոսություն։
Արարատ Միրզոյանը Կայա Կալասին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ։