ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նոոստի-Արմենիա/. Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի: Այդ մասին հինգշաբթի` կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։
«Նախօրեին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիա: ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել արդեն համապատասխան հայտարարությամբ: Կրկին ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը դատապարտում է այդ ներխուժումը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ` այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճնգաժամը», - ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել այս անօրինական գործողություններին վերջ տալու համար, ինչպես նաև Թուրքիայի սահմանի երկարությամբ ապրող Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում`ազգային փոքրամասնությունները և նրանց իրավունքները պաշտպանության գործում:
«Այդ համատեքստում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, որն ուղեկցվում է հաջողությամբ և շարունակական բնույթ է կրում», - ասաց Փաշինյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։ Երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսի 4-ին և անցկացրել է այնտեղ 4 ամիս:
Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները չափազանց լարված էին 1980–1990թթ–ին, քանի որ Անկարան մեղադրում էր Դամասկոսին Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար։ 1998թ.–ի հոկտեմբերին երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ սկսվեց, և Թուրքիան 45 օր ժամկետ տվեց Սիրիային, որի ընթացքում երկիրը պետք է ամբողջովին հրաժարվեր Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելուց։ Նույն թվականին Սիրիայի իշխանությունները երկրից վտարեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին, ինչից հետո պետությունների միջև հարաբերությունները սկսեցին կարգավորվել։ 1998թ.–ի հոկտեմբերի 20–ին ԱԳՆ–ի և ՆԳՆ–ի ղեկավարների ներկայացուցիչների բանակցություններն ավարտվեցին Ադանայում համատեղ արձանագրության և անվտանգության հարցերով համաձայնագրի ստորագրմամբ։–0–