ՀԱՊԿ երկրները շարունակում են խորհրդակցությունները գլխավոր քարտուղարի փոխարինման հարցում. Ղազախստանի ԱԳՆ

03.10.2018, 14:42
ՀԱՊԿ երկրները շարունակում են խորհրդակցությունները գլխավոր քարտուղարի փոխարինման հարցում։
ՀԱՊԿ երկրները շարունակում են խորհրդակցությունները գլխավոր քարտուղարի փոխարինման հարցում. Ղազախստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են ինտենսիվ խորհրդակցությունները կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցի շուրջ, որոշումը պետք է ընդունելի լինի բոլորի համար, հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Քայրաթ Աբդրախմանովը։ 

«Այս հարցի շուրջ ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվում են ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ կենտրոնակայանում` ՀԱՊԿ մշտական խորհրդի մակարդակում։ Վստահ ենք, որ որոշումը կլինի փոխադարձ ընդունելի բոլոր կողմերի համար` մեր կազմակերպության կանոնադրության համաձայն», – նշել է Ղազախստանի ԱԳ նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Նա նաև նշել է, որ «այս ուղղությամբ իրականացվող մանրակրկիտ և ինտենսիվ աշխատանքը նախատեսում է խուսափում որևէ հետևանքներից ինչպես ՀԱՊԿ–ի քարտուղարության, այնպես էլ կազմակերպության նորմալ գործունեության համար»։ 

«Վստահ եմ, որ այս իրավիճակը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի ՀԱՊԿ լիամասշտաբ գործունեության համար։ Ընթանում են խորհրդակցություններ, բանակցություններ, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպության համար քարտուղարության ղեկավարության փոփոխության դեպքում», – նշել է Ղազախստանի ԱԳ նախարարը։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-2–ի գործով մեղադրվում է այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Հուլիսի 26–ին Խաչատուրովը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության։ Հուլիսի 27–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է դատարան, որը նրա նկատմամբ խափանման միջոց է սահմանել` որոշում կայացնելով ազատ արձակել 5 մլն դրամի գրավի դիմաց։ Օգոստոսի 4–ին Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել իր պարտականությունների կատարմանը։ –0–