Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15–ի շուրջ․ Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի առաջընթաց են գրանցել Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք համաձայնության ենք եկել համաձայնագրի նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում», – ասել է նա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ժամանակ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։
«Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն», – ասել է նա։