Զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել Վրաստանում. հայ զինծառայող է մահացել

22.10.2016, 21:42
Նախօրեին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել:
Զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել Վրաստանում. հայ զինծառայող է մահացել
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել, գրում է tert.am-ը՝ հղում անելով Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանին:

Վթարի հետևանքով մահացել է ազգությամբ մեկ հայ զինվոր, մի քանի մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

«Վթարը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով Նինոծմինդայի բնակիչ է մահացել, ով ժամկետային զինծառայող էր վրացական բանակում: Մահացածը 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է: Այսօր առավոտյան դին տեղափոխել են Նինոծմինդա»,– ասել է նա:

Գագիկ Կարսլյանը նաև հավելել է, որ Հակոբ Մալխասյանը տասն օրից զորացրվելու էր:

«Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ցավակցել է Մալխասյանների ընտանիքին Հակոբ Մալխասյանի մահվան կապակցությամբ»,- գրում է կայքը:-0-