Ողբերգական դեպք՝ Երևանում․ մեքենայով ԲԿ է տեղափոխվել 16–ամյա պատանի, բժիշկներն արձանագրել են նրա մահը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 19-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական վարչության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, որոնք հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել են։
Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է, որտեղ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվել են արնանման հետքեր։
Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։
Քերական ու համայնքային ոստիկանները ժամանել են նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։
Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։