Տավուշում թոռներին դաժան ծեծի ենթարկած 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է․ նա մկնդեղ է ընդունել

01.09.2020, 18:53
Տավուշում թոռներին դաժան ծեծի ենթարկած 57-ամյա տղամարդը մկնդեղ է ընդունել․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Տավուշում թոռներին դաժան ծեծի ենթարկած 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է․ նա մկնդեղ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Պարզվում է՝ նա նույնպես մկնդեղ է օգտագործել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»։

Նշված համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել յոթ երեխա, նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։

Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել էր նրանց 57-ամյա պապը, որը, մեր տեղեկություններով, կալանավայրից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բուժկենտրոնի թունաբաններից բժիշկ Գաբրիելյանը նշել է, որ կալանավայրից օգոստոսի 30-ին իրենց մոտ տեղափոխված հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում։ Այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում իր արարքը, ինչո՞ւ է մկնդեղ ընդունել, բժիշկը պատասխանել է, որ հիվանդը թեպետ գիտակցությունը չի կորցրել, սակայն իրենց հարցերին չի պատասխանում։

Կարո՞ղ էր մկնդեղ ընդունելը լինել պատահականություն․ այս հարցին ի պատասխան՝ բժիշկ Գաբրիելյանն ասել է․ «Նույն ընտանիքն է, նույն ժամանակահատվածում խմել են մկնդեղը, կարո՞ղ էր դա պատահականություն լինել․․․ ես չեմ կարող ասել, նման հարցերին ուղղակի չենք կարող պատասխանել»։

Загружается новость ... "Право"
Հիշեցնենք, որ երեխաներին պարբերաբար ծեծելու մեջ մեղադրվում է նաեւ նրանց մայրը, ում կալանավորելու միջնորդությունը մերժվել է, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ հղի լինելու հիմքով։ Որոշվել է, որ երեխաներն առայժմ կապրեն «Մանկան տուն» կազմակերպությունում․ նրանք տուն չեն վերադառնա։

Երեխաների պապին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով), իսկ երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով)։