Տավուշում 2 թոռներին դաժան ծեծի ենթարկած պապի մյուս 5 թոռները ևս տեղափոխվել են հիվանդանոց. նոր տեղեկություններ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզում նախօրեին իր 2 թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա քաղաքացու մյուս 5 թոռները նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ կրկին տեղափոխվել են Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
Նա նշել է, որ ծանր վիճակում գտնվող մյուս երկու երեխաները շարունակում են մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
«Փոքրիկներից մեկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում» ,- նշել է Դերձյանը:
Նա նաև հայտնել է, որ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»,- հայտնել է քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկ, օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Պարզվել է, որ 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել 6-ամյա Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով սկզբում առաջինը, իսկ որոշ ժամանակ անց նաև Նաիրի Ղ-ն տեղափոխվել են հիվանդանոց։-0-