Մուրճով հարվածել է գլխին. դաժան սպանություն Տավուշում

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի բակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։
Ոստիկանները հայտնաբերել են սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալին։ Նա Բերդ քաղաքի բնակիչ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։ Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։–0–