Կնոջից ջուր էին խնդրել ու հափշտակել դրամապանակը՝ 130 հազ. դրամով. գողության դեպք Լոռիում (ՎԻԴԵՈ)

18.03.2020, 22:54
Կնոջից ջուր էին խնդրել ու հափշտակել դրամապանակը՝ 130 հազ. դրամով. գողության դեպք Լոռիում. ՎԻԴԵՈ
Կնոջից ջուր էին խնդրել ու հափշտակել դրամապանակը՝ 130 հազ. դրամով. գողության դեպք Լոռիում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Թումանյան քաղաքի մի բնակչուհու վագոն-տնակից կատարվել է 130 հազար դրամի գողություն, ընդ որում գողության ժամանակ գողը վերջինիս ուշադրությունը շեղելու համար ջուր է խնդրել: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, հաղորդվում է, որ մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում, Թումանյան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի իր վագոն-տնակից գողացել են դրամապանակը։

«Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 3-ին, վագոն-տնակի դուռը թակել է մի երիտասարդ՝ երեք ընկերների հետ։ Ջուր են խնդրել, և երբ հեռացել են, տուժողը նկատել է, որ պայուսակը բաց է, իսկ դրամապանակը, որի մեջ մոտ 130 հազար դրամ կար, գողացել են»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները նույն օրը ոչ միայն պարզեցին վագոն-տնակ այցելած երիտասարդների ինքնությունը, այլև` թե նրանցից ով է կատարել գողությունը։

«Կասկածյալը, որ Շնող գյուղի 24-ամյա բնակիչ է, ժամը 18-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին հրավիրվեց։ Նա տվել է խոստովանական բացատրություն»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:-0-