Ճապոնիայի արևմուտքում տեղացած առատ ձյան հետևանքով մարդիկ են մահացել

02.02.2012, 11:08
Ճապոնիայի արևմուտքում տեղացած առատ ձյան հետևանքով մարդիկ են մահացել

Ճապոնական ծովափին տեղացած առատ ձյան պատճառով մարդիկ են մահացել և խափանվել է տրանսպորտի երթևեկը, հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները:

Ձյան ծածկույթի բարձրությունն ամեն օր հերթական ռեկորդներ է գրանցում: Նիիգատա մարզի որոշ շրջաններում այն մոտենում է երեք մետրի, Յամագատա մարզում՝ 93 սանտիմետրի, Տոգորի և Տոյամա մարզերում՝ մոտ 60 սանտիմետրի: Սա երկու-երեք անգամ բարձր է միջին տարեկան նորմայից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աոմորի մարզում ավելի քան 100 ավտոմեքենաների ընթացքը խափանվել է ձյան պատճառով: Մարդիկ ստիպված են եղել գիշերելու մոտակա դպրոցում, մինչև առավոտյան փրկարար տեխնիկան մաքրել է ճանապարհը:
Ակիտա նահանգի տաք աղբյուրներով հայտնի առողջարանում փլուզված ձյան տակ նախօրեի երեկոյան զոհվել է երեք մարդ:

Միայն նախորդ շաբաթ Ճապոնիայում առատ ձյան պատճառով զոհվածների թիվը գերազանցել է 50-ը:
Դադարեցվել է երթևեկը հիմնական Հոնսյու կղզու հյուսիսային Տոխոկու շրջանը հարավային շրջանների հետ կապող ավտոմայրուղու մի շարք հատվածներում:

Ճեպընթաց երկաթուղիների գնացքները ստիպված են շարժվել ցածր արագությամբ, ինչը հանգեցնում է երբեմն մի քանի ժամ ուշացման:

Օդերևութաբանների կանխատեսումներով, վաղն առավոտյան ձյունը կուժեղանա: Մեկ օրվա ընթացքում Տոյամա և Նիիգատա նահանգի լեռնային շրջաններում կարող է տեղալ մինչև 70-80 սանտիմետր ձյուն: Մետեորոլոգները նախազգուշացնում են ավտոճանապարհների արգելափակման և լեռներում ձյան փլուզումների մասին: -0-