Յուրացման մեջ մեղադրվող գանձապահն ինքնասպանություն է գործել. Ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հայփոստ» ՓԲԸ-ի Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահը, ով մեղադրվում էր շուրջ 44,1 հազար դոլար յուրացնելու մեջ, ինքնասպանություն է գործել, հաղորդվում է ոստիկանության կայքում:
«Նախօրեին ժամը 15.00-ինԱբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ էսենցիայի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1963թ.-ին ծնված, «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Մանուկյանը նույն օրը 14.20-ի սահմաններում Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին` ծառերի տակ, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 3 շիշ էսենցիայի լուծույթ և տեղափոխվել հիվանդանոց: Այնուհետև նրան տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ երեկոյան գիտակցության չգալով մահացել է:
Ինչպես նշվում է ոստիկանական հաղորդագրության մեջ, նույն օրը «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի տնօրենը ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ շ ժամը 14.30-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից զանգահարել են իրենց և հայտնել, որ Մանուկյանը խմել է էսենցիա ու թունավորված, ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ փոստային բաժանմունքի ղեկավարության կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է դրամարկղի գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ դրամարկղից պակասում է 17.113.474 դրամ, որը յուրացվել է Մանուկյանի կողմից:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով,:
Կատարվում է նախաքննություն: -0-