Ժամկետային զինծառայող Ռաֆիկ Մնացականյանն իրեն մեղավոր է ճանաչել ծառայակցի մահվան մեջ

Ժամկետային զինծառայող Ռաֆիկ Մնացականյանն իրեն մեղավոր է ճանաչել ծառայակցի՝ ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան մեջ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 17-ին շարքային Ռաֆիկ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
«Առաջադրված մեղադրանքում Ռ.Մնացականյանը իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Ռ.Մնացականյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 19-ամյա Յուրիկ Գևորգի Ներսիսյանը հոկտեմբերի 12-ին ինքնասպան է եղել՝ կրակելով իրեն ամրակցված հրազենից:--0-