Ոստիկանությունը քննում է Aray խանութների ցանցի սեփականատիրոջ մահվան վարկածները

Քննությունը դիտարկում է Aray կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի սեփականատեր Արմեն Պետրոսյանի մահվան տարբեր վարկածներ: Նրա մարմինը՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է նախօրեին իր ավտոմեքենայում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը:
Ոստիկանությունը հայտնաբերել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին նրա «BMW X-5» ավտոմեքենայում, որը կայանել էր Սևան-Երևան մայրուղուց դեպի Կոտայքի մարզի Գետամեջ գյուղ տանող ճանապարհահատվածում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) և 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից, ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
«Դիտարկվում է ոչ միայն ինքնասպանության հասցնելու վարկածը, այլ նաև հնարավոր այլ վարկածներ»,- ասաց Ահարոնյանը՝ հավելելով, որ գործի քննությամբ զբաղվում է Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սև կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` «ՏՏ» ատրճանակի կրակված 1 պարկուճ:
Aray ընկերությունն այսօր էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառքի գծով հայկական շուկայի առաջատարն է: -0