ՀՀ ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու մեջ

28.09.2011, 19:10
ՀՀ ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ոստիկանության օպերլիազորը և նրա եղբայրը մեղադրվում են թմրանյութերի իրացման մեջ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության օպերլիազորի կողմից թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանության լեյտենանտ,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ի բաժանմունքի օպերլիազոր Ստեփան Տոնոյանը 2010թ. նոյեմբերին զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին մեթիլէնդիօքսիմետամֆենամին տեսակի սինթետիկ թմրամիջոց է իրացրել:

Բացի այդ, քննության ընթացքում պարզվել է, որ օպերլիազոր Ստեփան Տոնոյանի եղբայրը` Սերգեյ Տոնոյանը, ով աշխատել է ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի Ավանի տարածքային ստորաբաժանման բաժնում` որպես բաժնի պետ, 2010թ. օգոստոսից մինչև 2011թ. մայիսն ընկած ժամանակահատվածում աճեցրել է կանաբիս տեսակի բույս, որը վերամշակելով` պատրաստել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց: Հաղորդագրությունում նշվում է, որ նա թմրամիջոցների իրացմամբ զբաղվել է ինչպես անձամբ, այնպես էլ իր ընկերուհու օգնությամբ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ին բաժանմունքի օպերլիազոր Ստեփան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ Սերգեյ Տոնոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, խոշոր չափերով): Պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քրեական գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: -0-