Սեփական երեխաների սպանությունը խոստովանած կինը չի ցանկացել երեխաների մանկատուն հանձնել և հրաժարվել է բժշկական օգնությունից

09.09.2011, 11:40
Սեփական երեխաների սպանությունը խոստովանած կինը չի ցանկացել երեխաների մանկատուն հանձնել և հրաժարվել է բժշկական օգնությունից
Սեփական երեխաների սպանությունը խոստովանած կինը չի ցանկացել երեխաների մանկատուն հանձնել և հրաժարվել է բժշկական օգնությունից

Արարատ քաղաքի բնակչուհին, ով խոստովանել է իր մանկահասակ երեխաների դաժան սպանությունը, հրաժարվել է բժշկական օգնությունից և չի ցանկացել որդիներին հանձնել մանկատուն, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին,  քաղաքացի Ռոզա Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող  բնակարանում հայտնաբերվել են  նրա որդիների՝ 6-ամյա  Վարդան Ալոյանի և 4-ամյա  Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը: Արարատի քննչական բաժանմունքում սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ինչպես պարզվել է, շուրջ երկու տարի առաջ կինը դիմել է հիվանդանոց՝ բողոքելով անքնությունից, գլխացավերից և ճնշված վիճակից:  Թերապևտն ուղարկել է նրան նյարդաբանի մոտ, սակայն Ալոյանը հրաժարվել է բժիշկների օգնությունից:

Հարևանների վկայությամբ՝ Ալոյանը տարօրինակ սովորություն ուներ, նա աննպատակ քայլում էր փողոցներով, չնայած հոգեկան ակնհայտ խանգարումներ չեն նկատվել: Ողբերգությանը նախորդող օրերի ընթացքում նրա հոգեբանական վիճակի փոփոխություններն ազդել են նաև երեխաների վրա, քանի որ Ալոյանն անտարբեր է եղել նրանց նկատմամբ:

Ալոյանի ընկերուհիների վկայությամբ՝ չնայած բազմաթիվ սոցիալական և այլ դժվարություններին, նա նույնիսկ չէր էլ մտածում երեխաներին հանձնել մանկատուն՝ ասելով, թե երեխաներն իր կյանքի իմաստն են:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, որ Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առևտուր արել, ապա վերադարձել տուն և կերակրել նրանց:

Այնուհետև Ալոյանի կողմից ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով և իր կյանքը համարելով ավարտված՝ որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաև իր կյանքին: Այդ նպատակով նա իրեն պատկանող շարֆը կապել է խոհանոցի դռան վերևում գտնվող ջրատար խողովակին:

Կինը տեղեկացրել է, որ սպանությունից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին և փորձել իրեն խեղդելով՝ կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր  մտադրությունը: Դրանից հետո նա երեխաներին վերմակով ծածկել է և տնից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երևան:

Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին և ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել իր քաղաքացիական ամուսնու կողմից:

Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել  «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը:

Ամուսնացել է Երևան քաղաքի բնակչի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին և նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, ամուսինը երբեմն օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը  ստացել է նաև սոցիալական նպաստ:

Միաժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ կինն Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական և նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ: Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում երեխաների մոր՝ Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ:-0-