ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Յակ Սերվիս» ավիաընկերության Յակ-42 մակնիշի ինքնաթիռը վերելքի ժամանակ կործանվել է Յարոսլավլի մարզի «Տուտոշնա» օդանավակայանի մոտակայքում, 36 մարդ զոհվել է, կա մեկ տուժած, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է ԱԻՆ-ի մարզային վարչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «Լոկոմոտիվ» թիմը (Յարոսլավլ) մեկնում էր Մինսկ՝ հանդիպման մասնակցելու: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 16:02-ին:
Հինգշաբթի Յարոսլավլի թիմը պետք է Մինսկում ուժերը չափեր «Դինամո» թիմի հետ (Մինսկ): Սա պետք է լիներ Հոկեյի մայրցամաքային լիգայի առաջնության առաջին փուլի հանդիպումը:
Ռուսաստանի ավիացիոն ուժերը հաստատել են 36 զոհերի և մեկ տուժածի մասին տեղեկատվությունը: Ճշտված տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնված 37 մարդուց չորսն անձնակազմի անդամներ էին, տեղեկացրել են ԱԻՆ-ի մարզային վարչությունից:
ԱԻՆ-ի տվյալների համաձայն, ինքնաթիռը վայր է ընկել փոքր բարձրությունից՝ օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա և այրվել է: Ինքնաթիռի մի մասը ընկել է Վոլգա գետը:
Դեպի վայրում աշխատում է հինգ մարտական հաշվարկ և ԱԻՆ Յարոսլավլի մարզի գլխավոր վարչության հոգեբանների խումբը:
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է մարզի ուժային կառույցների աղբյուրը, ինքնաթիռի կործանումից փրկված ուղևորը տեղափոխվել է Յարոսլավլի մոտակայքում գտնվող Սոլովևի անվան կենտրոնական շրջանային հիվանդանոց, Վոլգա գետում աշխատում են ԱԻՆ-ի ջրասուզակները:
Նմանատիպ ողբերգություն էր տեղի ունեցել ավելի քան 30 տարի առաջ, երբ 1979 թ.-ի օգոստոսի 11-ին Դնեպրոձերժինսկ քաղաքի մոտակայքում կործանվել էր Տաշքենդից չվերթ իրականացնող Տու-134 մակնիշի ինքնաթիռը, որում կար 83 մարդ, այդ թվում նաև Տաքկենդի «Պախտակոր» հայտնի թիմի 17 ֆուտբոլիստ: Նրանք ևս Մինսկ էին ուղևորվում:-0-