Պրոֆեսորները վիրավորվել են մեքսիկական ինստիտուտում ռումբի պայթյունի հետևանքով

09.08.2011, 13:46
Պրոֆեսորները վիրավորվել են մեքսիկական ինստիտուտում ռումբի պայթյունի հետևանքով

Երկու մարդ է վիրավորվել Մեքսիկայի Ատիսապան (Atizapan) քաղաքի Մոնթերեյի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, երեքշաբթի հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նոթիմեքս գործակալությանը։

Պայթուցիկ սարքը փաթեթավորված է եղել որպես կոշիկի տուփի սովորական ծանրոց, որը պայթել է բացելիս։ Երկու տուժածներն այդ բուհում դասավանդող պրոֆեսորներ են։ Մեկը ստացել է կրծքավանդակի վնասվածք, մյուսը՝ ոտքի և ձեռքի։

Պատահարից հետո ինստիտուտի պարապմունքները դադարեցվել են, իսկ ուսանողներն ու անձնակազմը՝ տարհանվել։ Պայթյունի վայրում աշխատում են քննիչները։
Նախաքննությունը ցույց է տվել, որ ծանրոցը լցված է եղել վառոդով և կործանիչ տարրերով։ Բարեբախտաբար, սարքը գործել է ոչ ամբողջ հզորությամբ, այլ միայն 20-30 տոկոսով, նշում է «Ունիվերսալ» թերթը։

Պատահարի պատճառները պարզվում են։ Քննությունը չի բացառում, որ պայթուցիկը հասցեագրված է եղել տուժած պրոֆեսորներից մեկին։ Ինչպես նշում են իրավապահ մարմիններում, սա նմանատիպ առաջին դեպքն է արդեն երեք տասնյակ տարի գործող Մոնթերեյի տեխնոլոգիական ինստիտուտի պատմության մեջ։ -0-