Քննիչները քրեական գործ են հարուցել մոսկվայաբնակ մի կնոջ նկատմամբ, ով կասկածվում է 500 հազար ռուբլով իր որդու սպանությունը կազմակերպելու մեջ, մարդասպանի վարձատրման գումարը կինը վերցրել է որպես վարկ, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ Մոսկվայի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլյոնկովան։
«Երկուշաբթի երեկոյան օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են Ֆեդերատիվ պողոտա, 40 հասցեում բնակվող մի կնոջ, ով անձնական վատ հարաբերությունների պատճառով դրամական պարգևատրության դիմաց մարդասպանի օգնությամբ ծրագրել է կազմակերպել իր որդու սպանությունը։ Որպես «սպանող» հանդես է եկել ոստիկանության աշխատակիցը»,- ավելի վաղ հայտնել է մայրաքաղաքի իրավապահ մարմիններում գործող աղբյուրը։
Ըստ աղբյուրի, կատարողին գումարի փոխանցման պահին կինը ձերբակալվել է։ Սպանությունը հաջողվել է կասեցնել։
Կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 30-րդ և 105-րդ հոդվածներով (մահափորձ)։
Ինչպես պարզաբանել է Ցիպլյոնկովան, 47-ամյա կինը մտադրվել է սպանել իր 21-ամյա որդուն, մասնավորապես, այն պատճառով, որ նա չէր վճարում մոր անունով ապառիկ վերցված նոութբուքի համար։
Քննության տվյալներով, մոսկվացի կինը որդուն սպանելու առաջարկով դիմել է իր ծանոթին, ով այդ մասին հայտնել է ոստիկանությանը։
«Արդեն օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում 2011 թվականի օգոստոսի մեկին նրանք կրկին հանդիպել են։ Տղամարդը հայտնել է նրան իբր կատարած հանցագործության մասին և որպես ապացույց հանձնել որդու դրամապանակը և բջջային հեռախոսը»,- ասել է ՔԿ-ի ներկայացուցիչը։
«Կասկածյալը նրան փոխանցել է մնացած գումարը 7,43 հազար եվրոյի չափով, ինչից հետո ձերբակալվել է...Որդու սպանության վարձատրման համար կինը վարկ է ձևակերպել բանկում»,- ավելացրել է Ցիպլյոնկովան։
Այժմ կասկածյալ կինը ձերբակալված է։ -0-