ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․ /Նովոստի-Արմեիա/․ 57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Загружается новость ... "Лево"
Բացի այդ 57-ամյա տղամարդը 2020թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Քրեական գործով 3 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
57-ամյա տղամարդը ձերբակալվել է և հարցաքննվել:
Նախաքննությունը շարունակվում է:
6-ամյա երեխայի առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար»,- գրել է նա Facebook-յան իր էջում:-0-