Հայտնաբվերվել է Սևանա լճում կորած ձկնորսներից մեկի դին

09.11.2016, 15:09
Չորեքշաբթի 10 օրվա որոնողական աշխատանքներից հետո փրկարարներին հաջողվել է հայտնաբերել հոկտեմբերի 31-ին կորած ձկնորսներից մեկի դին: 
Հայտնաբվերվել է Սևանա լճում կորած ձկնորսներից մեկի դին
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի 10 օրվա որոնողական աշխատանքներից հետո փրկարարներին հաջողվել է հայտնաբերել հոկտեմբերի 31-ին կորած ձկնորսներից մեկի դին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 31–ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացիներ նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Կորած քաղաքացիները Նորատուս գյուղի բնակիչներ 24-ամյա Ամուր Կյուրեղյանը և 25-ամյա Արևշատ Առաքելյանն են:

«Ժամը 16.03-ին ջրափրկարարները ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին», - հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Ձկնորսների որոնողական աշխատանքները սկսվել են ահազանգ ստանալուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին:

Օրեր առաջ մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել էին երիտասարդների մոտորանավակը: Որոնողական աշխատանքները տարվել են նաև հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:

Նոյեմբերի 7-ին նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց չդադարեցնել որոնողական աշխատանքները՝ մինչև ձկնորսների հայտնաբերումը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, որոնումների 7-րդ օրը Սևանի ափից մոտ 13 կմ հեռավորության վրա հայտնաբերվել էր այն մոտորանավակը, որով երիտասարդները դուրս էին եկել լիճ: –0-