Երևանում 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է 55 և 86-ամյա տղամարդկանց դանակահարելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, րոպեների տարբերությամբ, 4 ահազանգ է ստացվել։ Հայտնել են, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քիչ անց ոստիկանությունում ստացվել են նաև հիվանդանոցային ահազանգեր։ Թիկունքի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, իսկ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 86-ամյա մի տղամարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։
Ոստիկանների արդյունավետ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է նաև տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ։ Ժամը 21.20-ին նա հայտնաբերվել է Կրիվոյի փողոցում և հասակակից մեկ այլ երիտասարդի հետ բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածվողի մոտ ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:-0-